Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրը՝ նվիրված սրբուհիներին


Սեպտեմբերի 22-ին Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց տոնական Պատարագ՝ նվիրված սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և սուրբ Շուշանիկի հիշատակության տոնին, որը նաև եկեղեցու ուխտի օրն է։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ պատարագը մատուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը՝ Արագածոտնի թեմի քահանաների, Ղազարավանի մենաստանի միանձնուհիների և բազում ուխտավորների մասնակցությամբ։

 

Հայոց Հայրապետն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին


Սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԱՄՆ-ից ժամանած Ասորի Ուղղափառ Եկեղեցու ուխտավորներին՝ գլխավորությամբ Նյու Ջերսիի Սուրբ Մարկոս մայր տաճարի հոգևոր հովիվ Հայր Ջոզեֆ Շամունի։ Նորին Սրբությունն անդրադարձավ Հայ Առաքելական և Ասորի Ուղղափառ Քույր Եկեղեցիների սերտ ու ջերմ հարաբերություններին և իր օրհնությունը բերեց ուխտավորներին՝ վստահություն հայտնելով, որ ուխտագնացությունը կդառնա հոգևոր նորոգության առիթ։

 

Արագածավանում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը


Սեպտեմբերի 21-ին Թալինի խոշորացված համայնքի Արագածավան գյուղում նշվեց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու օծման տարեդարձը։ Այդ առիթով Արագածոտնի թեմի քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցի բերեցին Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը։ Պատարագիչը Տեր Հայկ քահանա Սահակյանն էր, ով իր քարոզում նշեց, որ օրը համայնքի կյանքում դարձավ եռատոն՝ միավորելով եկեղեցու օծման տարեդարձը, Հայաստանի անկախության 35-ամյակը և Խաչափայտի մասունքն առաջին անգամ եկեղեցում ընդունելու ուրախությունը։

Նոյան երկիր միջազգային համաժողովի մասնակիցներին ընդունեց Վեհափառ Հայրապետը


Սեպտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ամրոց» հիմնադրամի կազմակերպած «Նոյան երկիր. Քրիստոնեությունը հետմոդեռնիզմից հետո» միջազգային համաժողովի մասնակիցներին։ Ողջունելով համաժողովի անցկացումը՝ Վեհափառ Հայրապետն անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարևոր առաքելությանը հայ ժողովրդի կյանքում և մաղթեց մասնակիցներին արդյունավետ աշխատանք։

 

Մեռելոցի պատարագ Մայր Տաճարում


Սեպտեմբերի 14-ին՝ Խաչվերացի տաղավար տոնին հաջորդող Մեռելոցի օրը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ և կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեր Գրիգոր աբեղա Մինասյանի ձեռամբ: Հավատացյալները, նախքան գերեզմաններ այցելելը, մասնակցեցին միասնական աղոթքին՝ Տիրոջից հայցելով ողորմություն, մեղքերի թողություն և հանգստություն իրենց ննջեցյալների հոգիներին:

 

Հավատի խաչվող գույները. Ռոբերտ Էլիբեկյանի ցուցահանդեսը Մատենադարանում


Երևանի Մատենադարանում բացվեց «Հավատի խաչվող գույները» ցուցահանդեսը՝ նվիրված ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի ծննդյան 85-ամյակին և ստեղծագործական գործունեության 60-ամյակին, որտեղ ներկայացված է նկարչի ընտանեկան հավաքածուից 1972-2017 թթ. գեղանկարի, գրաֆիկայի և դեկորատիվ արվեստի ավելի քան 50 գործ։ Ցուցադրության առանձնահատկությունն այն է, որ Էլիբեկյանի ժամանակակից ստեղծագործություններն առաջին անգամ համադրվում են հայ մատենագրության հին վարպետների մանրանկարչության հետ։

 

Սուրբ Խաչի տոնը Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում


Սեպտեմբերի 13-ին՝ Սուրբ Խաչի տոնի օրը, Արագածոտնի թեմի Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ՝ ձեռամբ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանի։ Հավատացյալները հաղորդվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերված Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքին։ Այս օրը եկեղեցում նշվեց սրբավայրի օծման տարեդարձը, որը 5 տարի առաջ օծել էր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։

 

Հրայր Հովնանյանի 96-ամյակին նվիրված երկօրյա համերգային ծրագիր


Սեպտեմբերի 11-ին և 12-ին Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց բացօթյա համերգային երկօրյա ծրագիր՝ նվիրված Հրայր Հովնանյանի ծննդյան 96-ամյակին։ Սեպտեմբերի 11-ին հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը, իսկ սեպտեմբերի 12-ին՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան քանոնահարների համույթը և «Նաիրյան» վոկալ անսամբլը։

 

Համերգային երկօրյա ծրագիր Սուրբ Աննա եկեղեցու բակում


Սեպտեմբերի 11-ին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկում գտնվող Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների բակում Հովնանյան ընտանեկան հիմնադրամն անցկացրեց համերգային երեկո՝ նվիրված հիմնադրամի հիմնադիր, ամերիկահայ բարերար Հրայր Հովնանյանի ծննդյան 96-րդ տարեդարձին, որտեղ հանդես եկան դաշնակահար Հայկ Մելիքյանը և Կոմիտասի անվան կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը։ Սեպտեմբերի 12-ի երեկոյան ծրագիրը կշարունակվի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» քանոնահարների կվարտետի և «Նաիրյան» վոկալ անսամբլի մասնակցությամբ։

Աստվածամոր ծննդյան տոնը նշվեց Մայր Տաճարում


Սեպտեմբերի 8-ին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում Տեր Անդրեաս վարդապետ Եզեկյանի ձեռամբ մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ՝ նվիրված Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնին։ Քարոզխոսության ընթացքում պատարագիչն անդրադարձավ Աստվածամոր սիրված կերպարին՝ ընդգծելով, որ նրա ծնունդը մարդկության փրկության շղթայի կարևորագույն օղակներից է։

 

Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը՝ Սուրբ Շողակաթ վանքում


Ամեն տարի Ս. Հովհաննես Մկրտչի և Հոբ Արդարի հիշատակության տոնին Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանք ուխտավորաբար ժամանում են Պարսկաստանի Փերիա գավառից 1972 թվականին Հայաստան տեղափոխված հայորդիներ, և Մատենադարանից եկեղեցի է բերվում բժշկության զորությամբ հռչակված Սանգիբարանի հրաշագործ Ավետարանը։ Տոնական Պատարագը մատուցեց Սուրբ Շողակաթ վանքի հոգևոր սպասավոր Տեր Գաբրիել վարդապետ Սարգսյանը։

 

Արդյո՞ք բիզնեսն ունի ինքնություն


Ինչպե՞ս է աշխարհը գլոբալացումից անցնում ապագլոբալացման՝ նաև տնտեսական ու բիզնես ոլորտում: Պարզվում է՝ գործարարությունն աշխարհաքաղաքականության շարունակությունն է: Ինչո՞վ է տարբերվում քրիստոնյա առաջնորդությունը պարզապես լավ առաջնորդությունից, և կարո՞ղ է գործարարն առաջնորդվել հավատքով ու բարոյականությամբ: Արդյո՞ք ավանդական եկեղեցու անդամ լինելը կարող է խոչընդոտել ժամանակակից մտածողությամբ բիզնես վարելուն, եթե «քրիստոնյա առաջնորդություն» տերմինն ինքնին առաջացել է արևմտյան-բողոքական մշակույթում։ Աննա Սարգսյանը զրուցել է գործարար, սոցիալական ձեռներեց Մանուկ Հերգնյանի հետ: