Գիտելիքի օրը Էօրնեկեան հանրակրթական դպրոցում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Էօրնեկեան» հանրակրթական դպրոցում խորհրդանշական զանգով մեկնարկեց նոր ուսումնական տարին, և դպրոցի հոգևոր տեսուչ Տեր Արսեն քահանա Միրզոյանը շնորհավորեց սաներին, մանկավարժներին ու ծնողներին։ Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Առաջին դասարան ընդունվելու համար այս տարի դպրոցը ստացել է 162 հայտ, սակայն սահմանափակ տեղերի պատճառով ընդունվել է 32 երեխա:

 

Կրթության մշակների օրհնության կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Օգոստոսի 30-ին՝ Սուրբ Աստվածածնի Գոտուգյուտի տոնի առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ Տեր Վիրապ աբեղա Սարգսյանի ձեռամբ։ Պատարագից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության ավանդական կարգը։ Նոր՝ 2026-2027 թթ. ուսումնական տարեշրջանին ընդառաջ, Հայրապետական օրհնություն ստանալու նպատակով Մայր Աթոռ էին այցելել կրթական կառույցների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ինչպես նաև Էօրնեկյան հանրակրթական դպրոցի ուսուցչական կազմը։

 

Բագրատ Սրբազանի և փաստաբանների մամուլի ասուլիսը


Օգոստոսի 21-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որտեղ նա կրում է տնային կալանքը, տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ փաստաբաններ Տաթևիկ Սողոյանի և Հովհաննես Խուդոյանի մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեց ՄԱԿ-ի փորձագիտական խմբի հետ հաղորդակցությունը «Սրբազան պայքարի» և 2024 թ. հունիսի 12-ի դեպքերի կապակցությամբ։ Փաստաբանները մեկ անգամ ևս շեշտեցին՝ ՄԱԿ-ի փորձագիտական խմբի արձագանքը ևս հաստատում է, որ «Սրբազան պայքարի» գործը որևէ աղերս չունի ահաբեկչության հետ, և հարուցվել է բացառապես քաղաքական նկատառումներով։

Խաղողօրհնեքը Ղուկասավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում


Արարատի մարզի Ղուկասավան համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին խոնարհված ու վերականգնվող եկեղեցում Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի գլխավորությամբ աղոթք է հնչել և կատարվել խաղողօրհնեքի արարողություն, մասնակցությամբ տարածքի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի։ Չորս տարի առաջ Վաչե Թոփուզյանի նախաձեռնությամբ սկսված վերականգնման աշխատանքներին մասնակցել են հնագետներ Արտակ Գնունին ու Լևոն Մկրտչյանը, վերականգնման նախագիծը հեղինակել է ճարտարապետ Ամիրան Բադիշյանը, նախագծի վերահսկումն իրականացրել է Գարեգին Կնյազյանը։

Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցում նշել են Աստվածամոր Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը


Մասյացոտնի թեմի Կանաչուտ համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցում Աստվածամոր Վերափոխման տոնի առիթով պատարագ է մատուցել թեմի առաջնորդ Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը և կատարել խաղողօրհնեքի արարողություն։ Քարոզխոսության ժամանակ Սրբազան Հայրն իր գնահատանքն է հայտնել 6 գյուղ ընդգրկող այս հովվության հոգևոր սպասավոր Տեր Բենիամին քահանա Ծատուրյանին, համայնքի անդամներին և ուխտավորներին։

 

Վեհափառ Հայրապետն ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանիքներին


Օգոստոսի 13-ին Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունեց Արագածոտնի թեմի քահանայից դասին ու նրանց ընտանիքների անդամներին, ովքեր վերջին ամիսներին մեծապես տուժել են՝ թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանի՝ վարչական հսկողության տակ գտնվելու, ինչպես նաև քահանաների բնակարանների խուզարկությունների և բերման ենթարկելու հետևանքով։ Վեհափառ Հայրապետը կարևորեց հանդիպումն որպես եկեղեցականների հետ հոգևոր կապն ամրապնդելու առիթ, բարձր գնահատեց նրանց դրսևորած անմնացորդ նվիրումն ու ավարտին բոլորին բերեց իր հայրապետական օրհնությունը՝ մաղթելով քաջառողջություն ու բարօր կյանք։

 

Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 15-րդ տարեդարձը


Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղի Սուրբ Նշան եկեղեցու օծման 15-րդ տարեդարձի առիթով մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ. պատարագիչն էր Նշան քահանա Ալավերդյանը, իսկ տարածքի հոգևոր հովիվը Տեր Հայկ քահանա Քոչարյանն է։ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Բերքառատ բերված Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանով կատարվել է Անդաստանի կարգ։

 

Սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խումբը՝ Մայր Աթոռում


Օգոստոսի 12-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական ու կրոնագիտական եռշաբաթյա դասընթացներին մասնակցելու նպատակով ժամանած սփյուռքահայ երիտասարդների երկրորդ խումբին։ Վեհափառ Հայրապետն օրհնել է տարբեր երկրներից ժամանած երիտասարդներին, հորդորել ջանասիրությամբ զորացնել հայոց լեզվի ու պատմության իմացությունն ու հոգևոր գիտելիքները, հաղորդ դառնալ հայրենիքի հոգևոր-մշակութային ժառանգությանն ու արժեքներին, ինչպես նաև վստահեցրել, որ առկա դժվարություններին հակառակ՝ Եկեղեցին իր առաքելության մեջ հաստատուն է ու անսասան։

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի երիտասարդներին


Օգոստոսի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Արգենտինայի հայոց թեմի ազգային և երկրորդական վարժարանների 17-18 տարեկան շրջանավարտներին ու նրանց ուղեկցող մանկավարժներին: Վեհափառ Հայրապետը պատգամեց երիտասարդներին նախանձախնդրություն դրսևորել ուսումնառության մեջ, ապագայում օգտակարություն բերել հայրենիքին ու Մայր Եկեղեցուն և բացահայտել Սուրբ Էջմիածնի խորհուրդը:

 

Արագածոտնի թեմի երիտասարդների ուխտագնացությունը Գուգարաց թեմ


Արագածոտնի 15 համայնքներից շուրջ 200 երիտասարդներ ուխտագնացությամբ եկել են Գուգարաց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցի։ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ է մատուցել Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Փառեն քահանա Առաքելյանը։ Երիտասարդներն աղոթել են վարչական հսկողության տակ գտնվող Արագածոտնի թեմի առաջնորդ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի համար։

 

Սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հուլիսի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալվել են ՀԲԸՄ «Բացահայտիր Հայաստանը» ծրագրով աշխարհի տարբեր երկրներից հայրենիք ժամանած 30 սփյուռքահայ պատանիներ ու երիտասարդներ։ Նրանք այցելել են թանգարան, ծանոթացել պահվող եզակի սրբություններին և հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ ստանալով Հայրապետական օրհնությունն ու պատգամը։

 

Դատարանը փոխել է Բագրատ սրբազանի՝ պատարագներին մասնակցելու վայը


Հուլիսի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի «Շենգավիթ» նստավայրում կայացավ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստը. դատարանը երկարաձգեց Վահագն Չախալյանի ու Արթուր Սարգսյանի տնային կալանքը, ինչպես նաև փոխեց Բագրատ սրբազանի՝ պատարագների մասնակցության վայրը՝ Գեղարդավանք։ ՄԱԿ-ի փորձագիտական խումբն այս գործով արձանագրել է քաղաքացիական և քաղաքական իրավունքների խախտումներ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին, ժամը 15:00-ին։