Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոս


Ներսես Աշտարակեցին գործել է մի ժամանակաշրջանում, երբ Արևելյան Հայաստանի ճակատագիրը վճռվում էր պատերազմների և քաղաքական մեծ փոփոխությունների պայմաններում։ 1826–1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի տարիներին նա աջակցում էր հայերի ազատագրման գաղափարին, նպաստում հայկական կամավորական ուժերի ձևավորմանն ու կազմակերպմանը և փորձում պաշտպանել հայ բնակչության շահերը։ 1843 թվականին ընտրվում է Ամենայն Հայոց Կաթողիկոս և դառնում Արևելյան Հայաստանի տարածքում ծնված վերջին կաթողիկոսը՝ մինչև Գարեգին Բ-ն։ Ո՞վ էր Ներսես Աշտարակեցին, և ինչո՞ւ է նրա անունը պատմության մեջ մնացել որպես «Պաշտպան հայրենյաց»։ Ի՞նչ տեսլական ուներ նա Ռուսական կայսրության հովանու ներքո։ Ի՞նչ խնդիրներ դարձան նրա գործունեության առանցքը Երևանի գրավումից և Թուրքմենչայի պայմանագրից հետո։ Ինչո՞ւ է Թիֆլիսի հայոց Ներսիսյան դպրոցը համարվում ազգային կրթամշակութային զարթոնքի կարևորագույն կենտրոններից մեկը։

Դվինի եկեղեցական ժողովներն՝ իբրև քաղաքակրթական երևույթ


Դվինում կայացած եկեղեցական ժողովները դարձան այն հարթակը, որտեղ քննարկվեցին ոչ միայն եկեղեցական, այլև հայ ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքին վերաբերող առանցքային հարցեր։ 506 թվականին Դվինի առաջին ժողովում Հայ Եկեղեցին հստակեցրեց իր դիրքորոշումը Քաղկեդոնի ժողովի որոշումների նկատմամբ, իսկ 554 թվականին Դվինի երկրորդ ժողովում վերահաստատեց դավանաբանական իր դիրքորոշումը՝ ավելի հստակ առանձնացնելով իր ուղին Բյուզանդական եկեղեցական ավանդույթից։ Դվինի ժողովները կարևոր դեր ունեցան Հայ Եկեղեցու ինքնուրույն դավանական ավանդույթի ձևավորման և ամրապնդման գործում՝ դառնալով հայ ժողովրդի հոգևոր ու ազգային ինքնության պահպանման կարևոր հենասյուն։

1441 թվականին կաթողիկոսական աթոռի վերադարձը


Կաթողիկոսական աթոռի վերադարձը Սուրբ Էջմիածին պատմական այն իրադարձությունն էր, որը շրջադարձային նշանակություն ունեցավ Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի հետագա ընթացքի համար։ Ո՞ր հանգամանքներում վերադարձվեց կաթողիկոսական աթոռը, ի՞նչ դեր ունեցան ժամանակի քաղաքական ու եկեղեցական գործիչները, և ինչպե՞ս անդրադարձավ այդ փոփոխությունը հայոց հոգևոր և ազգային կյանքին։ Ինչպե՞ս Ստեփանոս Օրբելյանի ու Տաթևի դպրոցի վարդապետների փայփայած տեսլականը՝ Էջմիածնի շուրջ հայության համախմբման և թագավորության վերականգնման մասին, ի վերջո հանգեցրեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին ու հայոց պետականության վերածննդին։

 

7-րդ դարի սկզբին Հայ Եկեղեցու դիրքորոշումը տարածաշրջանային բարդ իրավիճակում


Այս ժամանակաշրջանը բավական բարդ և հակասական մի շրջափուլի շարունակությունն էր։ Տարածաշրջանը հայտնվել էր երկու խոշոր տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև ընթացող երկարատև պայքարի կենտրոնում։ Այդ հակամարտությունն ուղղակի ազդեցություն էր թողնում Հայաստանի և հայ ժողովրդի կյանքի վրա։ Հայ եկեղեցին ևս ստիպված էր գործել այդ քաղաքական ու կրոնական լարված միջավայրում՝ փորձելով պահպանել իր ինքնուրույնությունն ու ազգային-հոգևոր դիրքերը։ Ինչպե՞ս ընթացան Վրաց եկեղեցու անջատումը և Աղվանից կաթողիկոսության վերադարձը Հայոց Եկեղեցու նվիրապետական իշխանության ներքո, և ինչպե՞ս ձեռք բերվեց Տիզբոնի ժողովում տարած դիվանագիտական հաղթանակը։

Աբրահամ Կրետացի կաթողիկոսի դիվանագիտական ջանքերը՝ պատմական բարդ ժամանակաշրջանում


18-րդ դարում Հայոց կաթողիկոս Աբրահամ Գ Կրետացին գործեց տարածաշրջանային բարդ քաղաքական իրավիճակում։ Նրա դիվանագիտական գործունեության կարևոր ուղղություններից էր Իրանի իշխանությունների, մասնավորապես՝ Նադիր շահի հետ հարաբերությունների հաստատումը, որի շնորհիվ նա պաշտպանեց Մայր Աթոռի իրավունքներն ու կալվածքները, աքսորված հայերին վերադարձրեց հայրենիք և ներկայացրեց հայ ժողովրդի շահերը։ Ինչպե՞ս էր կաթողիկոսը վարում բանակցությունները։ Ի՞նչ հարցեր էր բարձրացնում Նադիր շահի առաջ։ Ի՞նչ արդյունքներ ունեցան նրա դիվանագիտական առաքելությունները։

 

18-րդ դարի չգնահատված գործիչը՝ Սիմեոն Ա Երևանցի Հայրապետը


Օսմանյան կայսրությունը 1724-1731 թթ. նվաճում է Արևելյան Հայաստանը։ Պարսից շահ Նադիրին հաջողվում է հետ մղել նրանց, և հայության վիճակը բարելավվում է։ Նրա մահվանից հետո իրավիճակը նորից վատանում է։ Հայաստանը 1750-ական թթ. ենթարկվում է դաղստանյան ցեղերի հարձակումների։ Հայ բնակչության մի մասն ստիպված հեռանում է հայրենի բնակավայրերից։ Կաթողիկոս Սիմեոն Երևանցին կազմակերպում է բոլոր բնակավայրերում հայկական ծուխերի (մեկ հարկի տակ ապրող ընտանիքների) և կալվածքների հաշվառում, այնուհետև դուրս է մղում օտարածին տարրը և վերադարձնում հայ բնակչությանը շուրջ տասը գյուղերում։ Նա նաև կատարում է իր ժամանակներում արդիականացման ամենամեծ քայլը՝ հիմնում է տպարան Սուրբ Էջմիածնում, որի շնորհիվ հայկական գիտելիքը հնարավոր էր զանգվածային տարածել։

Խրիմյան Հայրիկը՝ արևմտահայ ազատագրական շարժման գաղափարախոս


Խրիմյան Հայրիկն է առաջին անգամ կազմել Հայրենագիտություն առարկայի ծրագիրը և դասագրքերը։ Նա Վարագավանքում հիմնել է դպրոցի ժամանակակից ընկալմանը համապատասխանող դպրոց՝ դասագրքերով, գրատախտակով, աթոռ-սեղանով, գրենական պիտույքներով։ Բացի այդ՝ նա է հիմնել Արևմտյան Հայաստանում լույս տեսնող առաջին պարբերականը՝ «Արծուի Վասպուրականը»։ Պատահական չէ, որ արևմտահայ ազատագրական առաջին կազմակերպությունները և կուսակցությունը հիմնվել են հենց Վանում։ Նրա գործունեության առանցքում է նաև ազգի պատմական հիշողությունը վերարտադրող էպոսի գրառման հանձնառությունը, որ ստանձնում է Գարեգին Սրվանձտյանցը։

Հայոց պատմությունը Մաղաքիա Օրմանյանի «Ազգապատում» աշխատության ընկալումներում


Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանը 10-րդ դարի սկզբին շարադրել է համազգային նշանակության աշխատություններ, որոնցից առանձնահատուկ կարևորություն ունեն «Ազգապատում» և «Հայոց Եկեղեցին» երկերը։ Ազգապատման հայեցակարգը, ըստ նրա, Հայոց Եկեղեցու անբաժանելիությունն է հայկական ինքնությունից, հետևաբար Հայոց պատմությունը, սկսած վաղ միջնադարից, ուղղակիորեն շաղկապված է Հայոց Եկեղեցու պատմության հետ։ Այս տրամաբանությամբ շարադրված է Հայոց պատմությունը՝ նկատի ունենալով Կաթողիկոսների գահակալության ժամանակագրական հաջորդականությունը։ Երկու աշխատություններում էլ հեղինակը հիմնավորում է Հայոց Եկեղեցու ուղղափառ դավանանքը, չի խուսափում օգտագործել «ուղղափառ» եզրույթը նույնիսկ Եկեղեցու պաշտոնական անվան մեջ՝ բացատրելով, որ եզրույթը կապ չունի հույն, ռուս և արևելաեվրոպական ուղղափառ («օրթոդոքս») մյուս եկեղեցիների հետ։ Շարադրման անգնահատելի սկզբունքի և աղբյուրագիտական հենքի շնորհիվ նրա աշխատություններն ունեն հայրենաճանաչողական մեծ նշանակություն։

Զաքարիա Ձագեցի Կաթողիկոսը թագավորության վերականգնման ակունքներում


Արաբական խալիֆայության դեմ 850-855 թթ. ապստամբությունը հաջող ավարտվեց և Հայաստանը հնարավորություն ստացավ վերստին թագավորություն ձեռք բերել։ Հայ իշխանական ընտանիքներից Բագրատունիների, Արծրունիների, Սյունիների և Առանշահիկների ռազմական ու տնտեսական հնարավորությունները համադրելի էին, հետևաբար անհրաժեշտ էր հեղինակություն և լեգիտիմություն վայելող մի ուժ, որ կմիավորեր նրանց։ Իր միասնական նվիրապետական կառույցով այդպիսին էր Հայոց Եկեղեցին, որի գլուխը՝ Կաթողիկոս Զաքարիա Ձագեցին, հրավիրեց ժողով և հորդորեց միավորվել Բագրատունյաց գահերեց իշխան Աշոտի շուրջ։ Ժողովը միաձայն որոշեց հռչակել Աշոտին Հայոց թագավոր։

Ստեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսի ազատագրական ջանքերը


14-րդ դարի սկզբից Հայաստանը հայտնվում է Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի միջև ընթացող պատերազմների հորձանուտում։ Բնակչությունը ենթարկվում էր բռնագաղթի, ոչնչացնում էին ցանքատարածությունները, իսլամական օրենսդրությամբ հայերին զրկում էին տարրական իրավունքներից։ Այս իրավիճակում Ստեփանոս Սալմաստեցի Կաթողիկոսը 1547 թ. օրակարգ է բերում հայկական պետականությունը վերականգնելու հարցը՝ որպես հայերի գոյության պահպանման հուսալի երաշխիք։ Նա ժողով է գումարում Սուրբ Էջմիածնում, որտեղ որոշվում է Հայոց թագավորությունը վերականգնելու համար պատվիրակություն կազմել և ուղարկել Եվրոպա՝ դաշնակիցներ որոնելու։

Հայ Եկեղեցին Մայիսյան հերոսամարտերի հորձանուտում


1918 թ. հունվարի 28-ից թուրքական բանակն անցնում է լայնածավալ հարձակման և արդեն մայիսի 21-ին հայտնվում Արարատյան դաշտում։ Նոր ձևավորվող հայկական պետության ղեկավարությունը, ազդված լինելով զիջումների շղթայից, առաջարկում է Կաթողիկոս Գևորգ Սուրենյանցին, որ նա լքի Սուրբ Էջմիածինը, որովհետև մի քանի օրից այն գրավվելու է։ Կաթողիկոսը չի համաձայնվում և ռազմաճակատ է ուղարկում կուսակրոն հոգևորականներին, որոնց գլխավորում էր նշանավոր գիտնական Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը։ Արթնության մարտակոչով ղողանջում են բոլոր եկեղեցիների զանգերը, և սկսվում է հոգեբանական բեկումը, որ համակում է ռազմաքաղաքական ղեկավարությանը. տեղի են ունենում Սարդարապատի և Ապարանի հաղթական հերոսամարտերը, որոնց շնորհիվ հայությունը ոչ միայն փրկվում է վերջնական ոչնչացումից, այլև ստեղծվում է ժամանակակից հայկական պետականությունը՝ հանրապետության տեսքով։

Հայ ազատագրական շարժման նախանշողը՝ Հակոբ Դ Ջուղայեցի Հայրապետ


1677 թվականին Հակոբ 4-րդ Ջուղայեցին Սուրբ Էջմիածնի մայր Տաճարում հրավիրում է ժողով, որտեղ հավաքվում է հայկական վերնախավը։ Որոշում են Կաթողիկոսի գլխավորությամբ ձևավորել պատվիրակություն, որը պետք է մեկնի Եվրոպա։ Պատվիրակությունը պետք է բանակցեր Հռոմի Պապի, հակաթուրքական տրամադրություններ ունեցող Լեհաստանի ղեկավարի հետ։ Առաջին անգամ Կաթողիկոսի կողմից ազատագրության վերաբերյալ նամակ է ուղղվում Ռուսաստանի ղեկավար Ալեքսեյ Միխայելովիչին՝ Պյոտր Առաջինի հորը։